Ոստիկանական համակարգում կրճատումները հնարավոր են: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է կրճատումներ լինեն ոստիկանական համակարգում, նա պատասխանել է. «Իհարկե հնարավոր է: Կառավարությունը կապ չունի այդ առումով,  քանի որ մենք բարեփոխումների ծրագիրը իրականացնում ենք էտապներով,  այնպես որ անընդհատ պրոցես է, ամեն տարի մենք ունենում ենք կրճատումներ: Կենտրոնական ապարատներից,  ավելի պասիվ ծառայություններից տեղափոխում ենք տեղեր,  դրանց հաշվին են դպրոցների ոստիկանները,  դրանց հաշվին է արտաքին ծառայության ուժեղացումը»:

Նրա խոսքով, կրճատում է մի տեղից ու տեղափոխում է մի ուրիշ տեղ. «Մենք ստեղծել ենք համայնքային ոստիկաններ, դպպրոցական ոստիկաններ:  Բյուրոկրատական ապարատից վերցնում ենք եւ տեղափոխում ենք այնտեղ,  որտեղ մեծ շփման մակերես կա հասարակության հետ»:

Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ոստիկանների թիվը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. «Դա ոստիկանապետից չի կախված,  այլ օրենքից:  Այդ օրենքն էլ ընդունել են ժամանակին պատգամավորները, որ էդ հարցը բարձրացնում են»:

Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից հնչող մեղադրանքներին, թե տպավորություն է, որ ապրում ենք ոստիկանական երկրում, Գասպարյանն ասաց. «Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել մարդիկ,  որ սարսափելու տեղ ունեն ոստիկանությունից:  Իսկ դուք չեք համարո՞ւմ,  որ ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է, օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին:  Եթե դա ոստիկանական պետություն է, ես այդ ոստիկանական պետության կողմնակիցն եմ»: