Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է «Անալիտիկ» կայքի կալանավորված տնօրեն Անի Հովհաննիսյանի մեղադրանքներն այն մասին, որ շորթման գործն իր դեմ սարքված է, իսկ դեսպան Իվան Վոլինկինն էլ դրա հետ իբրեւ առնչություն ունի: Դեսպանատան մեկնաբանությունում նշվում է.
«Դեսպանատունը մտադրություն չուներ պատասխանել կամ որեւէ մեկնաբանություն տալ այդ բացահայտ ցնորաբանության վերաբերյալ, որը պարունակում էր «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի հայտարարությունը: Բայց հաշվի առնելով, որ որոշ լրատվամիջոցներ, հակառակ լրագրողական էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի ավանդույթներին, սկսեցին տարածել այդ անհեթեթ հայտարարությունը, Դեսպանատունը ստիպված է նշել հետեւյալը .
«Նախ սեփական անձը պաշտպանելու եւ զուտ քրեական հանցագործության՝ շանտաժի համար մեղադրանքից ազատվելու նպատակով միջպետական հարաբերությունները շահարկելն անազնիվ է: Հայտնի է, որ Անի Հովհաննիսյանի «շահերի» ոլորտը չի սահմանափակվել միայն ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանով: Այս կապակցությամբ ակամա հիշում ես խորհրդային ժամանակների սերիական մարդասպան Ա. Չիկատիլոյի դեպքը, որը փորձում էր իր կատարած գազանային սպանությունները արդարացնել քաղաքական դրդապատճառներով՝ իբրեւ պայքարում էր «խորհրդային օկուպացիայի դեմ»:
Երկրորդ, հետեւելով Անի Հովհաննիսյանի տրամաբանությանը, «գործակալ» բառը, որը նա օգտագործում է Տ. Ուրիխանյանի հասցեին, կարելի է կիրառել նաեւ բոլոր մյուս պատգամավորների ու քաղաքական գործիչների նկատմամբ, ում հետ Դեսպանատունը հարաբերություններ ունի ու ում հրավիրում է ընդունելությունների կամ իր կազմակերպած այլ միջոցառումների: Սա միանգամայն անտեղի է երկու եղբայրական երկրների միջեւ հարաբերություններում:
Երրորդ, Ռուսաստանի դեսպանատան բոլոր աշխատակիցների՝ նախեւառաջ դեսպանի պարտականությունները ներառում են աջակցություն իրենց գտնվելու երկրի՝ տվյալ դեպքում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Մենք ինտրիգներ հյուսելով չենք զբաղվում, ինչպես Անի Հովհաննիսյանն է ուզում ներկայացնել:
Այսքանով Դեսպանատունը այս թեման իր համար փակված է համարում: Վստահ ենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք կքննեն այս գործը ու իրենց դատավճիռը կկայացնեն գործող օրենսդրության համաձայն»
Հիշեցնենք որ Անի Հովհաննիսյանը կալանավորված է շորթման մեղադրանքով:





























