Թուրքիայում կրկին փորձում են շահարկել հայ-թուրքական արձանագրությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է արձանագրությունների ստորագրման մեկ տարին՝ փորձելով աշխարհի ուշադրությունը շեղել թուրքական նախապայմաններից։
Այս կապակցությամբ, թուրքական երկու հայտնի պարբերականներ արդեն սկսել են մեդիա քարոզչությունը։ Այսպես, թուրքական Sabah-ը նշել է, թե առաջիկա դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթաժողովը մեծ կարեւորություն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Եթե այդ գագաթաժողովին Հայաստանի նախագահի մասնակցությունը հաստատվի, ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր մակարդակի վրա կտեղափոխվի»-նշել է թուրքական Sabah-ը։
Իսկ, ահա, թուրքական Hurriyet-ը վկայակոչելով իր անանուն աղբյուրները՝ պնդում է, թե Շվեյցարիայի արտգործնախարարության պատասխանատուները օրեր առաջ հեռախոսազրույց են ունեցել թե Հայաստանի, թե Թուրքիայի ԱԳՆ-ների պատասխանատուների հետ՝ փորձելով ստուգել հայ-թուրքական գործընթացի նկատմամբ առկա տրամադրությունները։
Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրները նշել են, թե իրենք պատրաստ են շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Շվեյցարիայի ԱԳՆ պատասխանատուների հետ զրույցում հասկացվեց, որ նրանք հեռախոսազրույց են ունեցել նաեւ հայկական կողմի հետ։ Հեռախոսազրույցները տրամադրությունները ստուգելու համար էին։ Դեռեւս, իրական շփումների համար համապատասխան մթնոլորտը պատրաստ չէ։ Մենք նախատեսում ենք Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել։ Մենք նշեցինք, թե հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանն է առկախել, եւ նա էլ պետք է արձանագրությունները վերակենդանացնելու քայլեր անի։ Բարի մտադրությունով մոտեցումների համար, մեր դուռը միշտ էլ բաց է»-նշել է Hurriyet-ի անանուն դիվանագիտական աղբյուրը։




























