Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է, բայց շարունակվում է վերակենդանացման պալատում: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն ու հավելեց. «Չեմ կարծում, որ դա լինի «Ցյուրիխ-2»-ի մակարդակով՝ առնվազն մինչեւ Թուրիքիայում 2011 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները»։ Հիշեցնենք, որ նախօրեին «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, թե նախապատրաստվում է «Ցյուրիխ-2» ծրագիրը։

Մյուս կողմից, ըստ Մինասյանի, այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի մասով, թույլ է տալիս ասել, որ Թուրքիան իր հերթին փորձելու է նվազագույն մակարդակով պահպանել գոյություն ունեցող ձեւաչափը։

«Սակայն կարող եմ ասել, որ Թուրքիան ավելին կշահեր, եթե խաչն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվեր հենց պատարագի օրը»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջիկայում անցկացվելիք դաշտային առաքելությանը եւ կառույցի վերջին ամիսների աշխատանքին՝ Մինասյանը նկատեց, որ եւ առաքելությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը միայն եւ միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը եւ ստատուս քվոյի հետագա ամրապնդումը։ «Գոյություն ունեցող ձեւաչափը, հարեւան երկրի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների ֆոնին, փորձ է ինչ-որ կերպ բանակցային գործընթացում պահել Ադրբեջանին։ Իսկ Ալիեւը, կարծում եմ, հասկացել է, որ ԼՂՀ գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխությունն անհնարին է»,- ընդգծեց քաղաքագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ իրեն հարգող ամեն մի նախագահ այսքան հայտարարություններից հետո վաղուց սկսած կլիներ պատերազմը։