Հարավային կովկասի տարածաշրջանը շատ բարդ է իր չկարգավորված հակամարտություններով, որոնց վերաբերյալ կա’մ ընդհանրապես հնարավոր չէ պայմանավորվել, կա’մ էլ չկա դրա ցանկությունը: Այսօր` հոկտեմբերի 2-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասում ընդհանրապես փոխզիջման մշակույթ չկա, բոլորն ունեն իրենց մոտիվները: Միաժամանակ նա ընդգծեց, որ Հարավային Կովկասը շատ կարեւոր տարածաշրջան է, որտեղ խաչվում են բոլոր համաշխարհային խաղացողների ու միջազգային կառույցների շահերը:
«Հարավային Կովկասի իրավիճակն ազդում է մոտակա տարածաշրջանների իրավիճակի վրա»,- ասաց փորձագետը:
Միաժամանակ Զլոբինն ընդգծեց, որ համաշխարհային խաղացողների շահերի խորացման ֆոնին, տարածաշրջանի երկրների «ձայնն» ուղղակի չի լսվում: «Արդյունքում ստացվում է այնպես, որ նրանց փոխարեն խոսում եւ գործում են դրսի խաղացողները, իսն նրանք, հաճախ, ղեկավարվում են բոլորովին ոչ տարածաշրջանի երկրների շահերով»,- նկատեց փորձագետը: Սրա հետ կապված նա կոչ արեց տարածաշրջանի երկրներին, ավելի ակտիվ լինել եւ փորձել մոտենալ թշնամիներին, իսկ չեզոքներին դարձնել բարեկամ, քանի որ բարեկամների հետ շփվելն ավելի հաճելի է:




























