ԼՂՀ Ջրական (Ջաբրայիլ) բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի 300 մմ-անոց հրթիռի կտորներ, ինչպես նաեւ կասետային ռումբեր են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը

Ըստ այդմ, նշվում է, որ որոնումները շարունակվում են. «Քանի որ տարածքը խիտ բնակեցված չէ, որոնումները կարող են որոշակի ժամանակ տեւել»:

Նշենք, որ The Halo Trust բրիտանական կազմակերպությունը զբաղվում է ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Halo Trust-ը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում եւ Աֆղանստանում:

 Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. եւ առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների հետեւանքով: