Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 շենքի բնակիչները, որոնց հարեւանությամբ ապրող տղամարդն այսօր՝ հունիսի 1-ին, ինքնասպան է եղել երակները կտրելով եւ գազը բաց թողնելով, հրաշքով են փրկվել:
«Գազի հոտը միջանցքն առել էր, չէինք կարողանում դուրս գալ: Բացի այդ՝ ներքեւի հարեւանը եկավ, ասաց՝ ամբողջ գիշեր միացրած ա եղել ջուրը, ձայնը եկել ա: Մեր տան դուռը բացեցինք, տեսանք՝ գազի հոտ ա: Զանգեցինք, չվերցրեց հեռախոսը, զանգեցինք իր կնոջը, եկավ, որ դուռը բացի, չկարողացավ: Բանալին թողել էր դռան վրա, որ չկարողանանք բացել»,- NEWS.am-ին պատմեց հարեւաններից մեկը:
Տղամարդու՝ 59-ամյա Իվան Շուկի բնակարանի դուռը բացել չկարողանալով՝ հարեւանները ահազանգել են փրկարար ծառայություն: Փրկարարները դուռը բացելուց հետո տղամարդու դին գտել են հյուրասենյակի հատակին, կողքին՝ բենզինով լցված տարա, երակները կտրած:
59-ամյա տղամարդը արհեստավոր էր: Կնոջից 2 տարի է բաժանված էր, միայնակ էր ապրում: Նա մեկ որդի ունի, որը Հայաստանում չէ: Հարեւանների համար անհասկանալի է նրա ինքնասպանություն գործելու պատճառը: Նրանք պատմեցին, որ վերջին 10 օրերին տղամարդը աշխատանքի չէր գնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հունիսի 1-ին, հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի։











