Եղեգնաձորցի 18-ամյա Ռուբեն Հարությունովը նախօրեին է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ տեղի ունեցած «IT Planeta 2015/2016» օլիմպիադայում 2-րդ տեղն է զբաղեցրել: Ռուբենն անթերի կատարել է Linux-ի կառավարմանը վերաբերող առաջադրանքը, իսկ հաղթողին զիջել է միայն ժամանակով:
«Առաջադրանքի կատարման համար 8 ժամ էին տվել, բայց ես վերջացրի 1.5-2 ժամում ու ուղարկեցի, իսկ երկրորդ տեղը զբաղեցրի միայն այն պատճառով, որ հաղթող տղան ինձնից մի քանի րոպե առաջ էր ավարտել առաջադրանքը»,- պատմում է Ռուբենը:
18-ամյա տղան սովորում է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում` «Հաշվողական մեքենաներ, համակարգեր, համալիրներ և ցանցեր» բաժնում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո քոլեջ ընդունված Ռուբենը միայն այստեղ է կողմնորոշվում մասնագիտության հարցում: Ինչպես ինքն է նշում, քոլեջի դասախոսներն են իրեն ուղղություն տվել, թեեւ միշտ էլ համակարգիչների սիրահար է եղել. «Խաղալիքներով երբեք չեմ խաղացել, միշտ սիրել եմ հին իրեր քանդել, լարերն ուսումնասիրել, տեսնել, որ սարքն ինչպես է աշխատում: Համակարգիչների նկատմամբ էլ միշտ հետաքրքրություններ եմ ունեցել, բայց քոլեջն ինձ ուղղություն տվեց, որ արժի այս ոլորտի մեջ խորանալ»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաներում Ռուբենին ամենաշատը գրավում է համակարգերի կառավարումն ու ինֆորմացիոն անվտանգությունը, թեեւ այժմ նաեւ վեբ դիզայնով է զբաղվում: Աշխատած գումարն այնքան քիչ է, որ չի կարողանում իրեն անհրաժեշտ հզորության համակարգիչ գնել: Համակարգիչը, որով Ռուբենն աշխատում է, մայրն է գնել 5-6 տարի առաջ, այսօր այն նոր սարքավորումներով հզորացնելու կարիք կա, իսկ Հարությունովներն այդքան գումար չունեն:
«Ինձ շատ հաճախ վիրտուալ մեքենաներ են պետք, բայց համակարգիչս այդքան հզոր չէ: Օրինակ, մրցույթների պատրաստվելու համար ամեն անգամ դժվարությունների առաջ եմ կանգնում, ստիպված բավարարվում եմ նվազագույնով»,- նշում է Ռուբենը` հավելելով, որ տան միակ եկամուտը տատիկի ստացած թոշակն է:
Եկատերինբուրգ մեկնելու եւ մրցույթին մասնակցելու համար էլ տղային քոլեջի տնօրինությունն է օգնել: Ռուբենի հետ մեծ հույսեր են կապում թե ընտանիքի անդամները, թե քոլեջի անձնակազմը: 18-ամյա տղան կարծում է, որ ընտրած մասնագիտության մեջ խորանալու համար ինքն անպայման պետք է վերապատրաստվի արտերկրում, իսկ մինչ այդ պետք է ծառայել բանակում. «Մի քանի շաբաթից բանակ եմ գնալու: Շատ կուզենամ իմ գիտելիքներով օգտակար լինել բանակին: Կարծում եմ` կկարողանամ եւ օգուտ տալ բանակին, եւ ինքս նոր գիտելիքներ ստանալ»:
Ռուբեն Հարությունովը հույս ունի բանակից վերադառնալ նոր մասնագիտական գիտելիքներով ու շարունակել երկիրը ներկայացնել միջազգային մրցույթներում, ինչու չէ նաեւ նորամուծություն մտցնել համակարգերի կառավարման մեջ:
Նշենք, որ Ռուբենը նախորդ տարի հաղթել է նաեւ ՏՏ ցանցային համակարգերի կառավարում մասնագիտությամբ Հայաստանյան հմտություններ մրցույթին, նախարարության աջակցությամբ մեկնել է Սան Պաուլո` մասնակցելու Համաշխարհային հմտությունների 43-րդ մրցույթին:






























