Տաթեւի վերակառուցման համար կազմակերպված i-Buy բարեգործական ակցիայի խաղարկությանը հաղթեցին Ռուսաստանից Վահան Վարդանյանը եւ Շվեյցարիայից Ջուլիա Մոեքլին:

Հիշեցնենք, որ Տաթեւի վանքը եւ հարակից շրջանները տուրիստական կենտրոն դարձնելու համար կառավարությունը «Տաթեւի վերածնունդ» ծրագիր է իրականացնում, որի շրջանակում ազգային մրցունակության հիմնադրամը tatev.am կայքում բարեգործական առցանց ակցիա էր կազմակերպել։ Նվիրատվություն կատարողները միաժամանակ մասնակից էին դառնում խաղարկությանը, որոնցից երկուսին համակարգչային ծրագիրը հաղթող էր ճանաչում։

Հեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում Ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ հանգանակության արդյունքում հավաքվել է մոտ 5000 դոլար։ Ըստ նրա՝ գումարն ամբողջությամբ ուղղվելու է «Տաթեւի վերածնունդ» ծրագրին։

NEWS.am-ի թղթակցին Ամատունին հայտնեց, որ tatev.am կայք 7530 այցելություն է եղել։ Այցելուներից 82-ը էլեկտրոնային փոխանցումներ են կատարել, ոմանք 10-ական դոլար, իսկ ոմանք ավելի մեծ գումար են փոխանցել։  

Բարեգործական ակցիան տեւել է մոտ մեկ ամիս. ավարտվել է հոկտեմբերի մեկին։