«Էրեբունի-Երեւան 2792» տոնական միջոցառումներն այս տարի կանցկացվեն հոկտեմբերի 10-ին. տոնակատարությունների անցկացման կապակցությամբ այդ օրը՝ ժամը 08։30-ից 10։00-ը, կդադարեցվի Փոքր կենտրոնի երթեւեկությունը։ NEWS.am-ին այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։
Տոնական միջոցառումները կմեկնարկեն Էրեբունի թանգարանում՝ թատերականացված ներկայացմամբ։ Ներկայացման ավարտին Արգիշտի թագավորի գլխավորությամբ «զորախումբը» բեմականացված քայլերթով կշարժվի դեպի Երեւանի քաղաքապետարան, իսկ այնուհետեւ՝ Հանրապետության հրապարակ։
Տոնակատարությանն անմասն չեն մնա նաեւ փոքրիկ երեւանցիները։ Ժամը 14։00-ից Կիրովի անվան մանկական զբոսայգում նրանց կզվարճացնեն ծաղրածուները, խաղավարները, աճպարարներն ու հեքիաթների հերոսները։ Երեխաները հնարավորություն կունենան դիտել տիկնիկային մի շարք ներկայացումներ։
«Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրը, սակայն, թատերական ներկայացումներ կցուցադրվեն ոչ միայն երեխաների համար։ Մայրաքաղաքի բնակիչները ժամը 15։00-19։00-ին «Առագաստ» սրճարանի հարեւանությամբ կարող են ներկա գտնվել մնջախաղի, բազմաթիվ այլ բեմականացումների եւ էտյուդների։ Անգլիական այգում`Սունդուկյան թատրոնի հարեւանությամբ, նախատեսված են ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ։
Հոկտեմբերի 10-ին՝ 19։00-ից 23։00 ընկած հատվածում, համապատասխանաբար Կասկադում, «Մոսկվա» կինոթատրոնում եւ Կոմիտասի արձանին կից պուրակում հանադիսատեսին կներկայացվեն ջազ, ռոք եւ դասական երաժշտության համերգներ։
«Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումները կեզրափակվեն Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք դիսկոտեկով եւ տոնական հրավառությամբ։ Կիրականացվի բնակիչների կենտրոնացված տեղափոխում մայրաքաղաքի վարչական շրջաններ։
Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին. այն ժամանակ նշվում էր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը։ Արդեն 1986թ. սեպտեմբերի 27-ին մայրաքաղաքի փողոցներում երթևեկում էր «Էրեբունի-Երեւան» եզակի տրամվայ-սրճարանը:
Տեւական դադարից հետո Երեւանի օրվան նվիրված միջոցառումները կրկին սկսեցին նշվել 2003 թվականից, երբ մեր մայրաքաղաքը բոլորում էր իր հիմնադրման 2785-ամյակը:
Երեւանի օրհներգի`«Էրեբունի-Երեւան»-ի խոսքերի հեղինակը Պարույր Սեւակն է, երաժշտության հեղինակը` Էդգար Հովհաննիսյանը:




























