Չինաստանն ու Ճապոնիան վերականգնում են քաղաքական կապերը երկարատեւ հակամարտությունից հետո, կապված վիճելի տարածքում գտնվող անմարդաբնակ Սենկակու կղզիների հետ: Անցած շաբաթ Չինաստանը ազատ է արձակել երեք ճապոնացի գործարարների, որոնք ձերբակալվել էին ռազմական օբյեկտների պահպանության վերաբերյալ չինական օրենքը խախտելու համար: Իր կողմից Ճապոնիան ազատ է արձակել չինացի կապիտանին:

«Անհրաժեշտ է ոչ միայն բարձր մակարդակով միմյանց ձեռք սեղմել, այլ դա լրացնել վստահության վերականգնմամբ»,- ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիտո Սենգոկուն: Չինական կողմն, իր հերթին, հայտնել է, որ միշտ էլ մեծ նշանակություն է տվել Ճապոնիայի հետ կապերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատացել էին, երբ Ճապոնիայի ծովափնյա ծառայությունը կալանավորել էր չինական ձկնորսական նավը վիճելի Սենկակու կղզիների տարածքում, որը հարուստ է նավթի եւ գազի պաշարներով: