Facebook սոցիալական ցանցի եւ Instagram ֆոտոծառայության ղեկավարությունը դիտարկում է գովազդից եկամտի մի մասը բլոգերներին փոխանցելու հարցը: Այդ մասին  Bloomberg TV-ով պատմել է   Facebook-ի գլոբալ մարկետինգային որոշումների փոխնախագահ Քերոլայն Էվերսոնը, հայտնում է  Gazeta-ն: 

Նախաձեռնությունը վերաբերում է մեդիա եւ հայտնի անձանց, որոնք իրենց հետաքրքիր բովանդակությունները ներկայացնում են առցանց հարթակներում:  Մասնավորապես, Էվերսոնը նշել է, որ բոնուսները կարող են փոխանցվել ժողովրդականություն վայելող գրառումների համար` մարզական աշխարհի եւ աստղերի կյանքի իրադարձությունների մասին եւ այլ լուրերով: 

Կորպորացիայի ներկայացուցիչը նշել է բացառիկ բովանդակության մեծ նշանակությունը  Facebook-ի համար: Էվերսոնի խոսքով, IT-հսկան ուզում է տեղեկատվության տարածման գլոբալ հարթակ դառնալ եւ բլոգերների աշխատանքը վարձատրելու միջոցներ է փնտրում: 

Այդ ուղղությամբ առաջին քայլը դարձել է Instagram-ի բիզնես-օգտատերերի համար նոր գործիքների թողարկումը: Մայիսի 31-ին ընկերությունը հայտնել է, որ հեղինակները հնարավորություն կունենան արձագանքի բարձր մակարդակով գրառումները գովազդի վերածել: