Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին 75-ամյակի կապակցությամբ եւ պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տասնամյակներ շարունակ Դուք հանդիսատեսներին պարգեւում եք ձեր տաղանդը, եւ շնորհակալ հասարակությունը պատասխանում է Ձեզ անկեղծ սիրով: Դուք խաղացել եք բազմաթիվ անմոռանալի դերեր, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտությունը վարպետորեն տիրապետելու օրինակ է: Անսպառ ստեղծագործական էներգիան, շնորհալի մարդկանց միավորելու ընդունակությունն այսօր օգնում են Ձեզ մոսկովյան ամենահանրաճանաչ թատրոններից մեկի թատերախմբի հետ աշխատանքում, հայրենական արտիստների երիտասարդ սերնդի դաստիարակման մեջ»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հաղորդագրությունում: