Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործ Գագիկ Ստեփանյանը կարծում է, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կատակել է` ասելով, թե արձանը Պետրոս 1-ին է նման, քանի որ քանդակագործը սովորել է Պետերբուրգում:
«Կատակ է արվել, որը լուրջ եք ընդունել: Այո, ես Պետերբուրգում եմ սովորել, բայց քանդակը Պետրոս 1-ին նման չէ: Ես ոչ մի կապ որեւէ մեկի հետ չեմ տեսնում»,- այսօր` հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործը:
Գագիկ Ստեփանյանը նշեց, որ կարծում է` իրեն հաջողվել է կերտել Գարեգին Նժդեհի ճիշտ կերպարը: Այն, որ որոշ մարդիկ այն չեն նմանեցնում Նժդեհին, ըստ նրա, կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ Գարեգին Նժդեհին պատկերացնում են այնպիսին, ինչպիսին, օրինակ, նա կա իրենց տանը եղած լուսանկարում, մինդեռ ինքը հավաքական կերպար է ստեղծել:
«Իմ մոտ եղել են բոլոր նկարները, ինչ-որ կա: Նրա այտոսկրերն են, գանգի կազմվածքը: Բոլորս գիտենք` նիհարած էր, ոսկորները լավ են երեւում: Նժդեհը երիտասարդ տարիներին մինչեւ ուսերը գանգուր մազեր է ունեցել: Ես երկար մարզերը օգտագործել եմ կերպարը ուժեղացնելու համար: Ես մոտեցել եմ այնպես, որ պետք է ստեծեմ Գարեգին Նժդեհի հավաքական կերպարը: Նա կանգնած է ամուր, հստակ իր կամքով, զորությամբ, երկու ոտքերի վրա, իր հավատքի ու հայրենիքի վրա: Երկար թիկնոցը ձուլվում է իր հայրենիքին»,- նշեց նա:
Գարեգին Ստեփանյանի խոսքով` մարդիկ հավանում են արձանը:
«Երբ արձանը տեղադրեցինք, մարդիկ մոտենում, համբուրում էին ինձ, լավ խոսքեր էին ասում: Ինչ-որ ժամանակ հետո անհեթեթ բաներ լսվեցին, նմանեցրին մեկին, դա դարձավ քննարկման բուն թեմա»,- ասաց նա:
Նշենք, որ արձանը տեղադրվել է Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող այգում: Արձանը լուրջ քննադատությունների կենտրոնում է, մարդիկ այն նմանեցնում են համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս 1-ին:



























