Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի կատարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015-ին Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում իր պարտավորությունները, հայտնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցնյակը»  2015-ի հուլիսի 14-ին պատմական համաձայնություն էին ձեռք բերել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման վերաբերյալ: Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ համընդգրկուն պլանի ընդունմամբ, որի կատարումը Իրանի վրայից հանում է նախկինում ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:   

Փետրվարի վերջին ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները նաեւ նշել էին, որ Իրանը կատարում է «վեցնյակի» հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունները եւ Իրանում ծանր ջրի պահուստի մակարդակը բավարարում է համաձայնագրի պայմաններին: 

Գործակալությունը նշում է, որ Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո երկիրը սկսել է աճեցնել առեւտուրը Արեւմուտքի երկրների հետ: Սակայն Իրանի նկատմամբ շարունակում են գործել ԱՄՆ-ի կողմից որոշ պատժամիջոցներ եւ ամերիկյան բանկերին արգելված է ուղղակիորեն կամ կողմնակիորեն բիզնես վարել Իրանի հետ, որովհետեւ Վաշինգթոնը Իրանին դեռեւս մեղադրում է ահաբեկչությանն աջակցելու եւ մարդու իրավունքները խախտելու համար: 

«Նրանք մարդու իրավունքները, ահաբեկչությունը… որպես պատրվակ են օգտագործում, որպեսզի խուսափեն կատարել իրենց պարտավորությունները», — հայտնել է Խամենեին: