Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կառավարությունն արել է կոնկրետ քայլեր: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հրապարակայանորեն շատ լավ գաղափարներ են հնչել, հիմա հարցը դրանց իրականցումն է: Խոսքը հատկապես վերաբերում է նաեւ գույքի հայտարարագրերի վերաբերյալ օրենսդրական բարելավմանը: Հայաստանի կառավարությունը կարող է վստահել մեզ կոռուպցիայի դեմ պայքարի աջակցության հարցում»,- ասաց ԵՄ դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ԵՄ-ն Հայաստանին աջակցություն է ցուցաբերում բյուջետային աջակցության ծրագրով: Այս տարի տրվող գումարի չափը, նրա խոսքով, կորոշվի տարվա վերջին, երբ ամփոփվեն նախորդ տարվա տվյալները:
«Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ համաձայնագիր կա, որում նշված են այն ուղղությունները, որով մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Մենք նաեւ համատեղ համաձայնություն ենք ներդրել 2016թ. համար: Այս պահին անկախ փորձագիտական խումբ կա ձեւավորված, որը գնահատում է 2015թ. արված աշխատանքների արդյունավետությունը, այդ ուսումնասիրության հիման վրա մենք մեր վերջնական որոշումը կկայացնենք, թե ինչքան գումար կհատկացնենք Հայաստանի Հանրապետությանը: Բյուջետային աջակցությամբ իրականացվող մեր բոլոր ծրագրերը հիմնված են այդ տրամաբանության վրա»,- ասաց ԵՄ դեսպանը:
Հիշեցնենք, որ «Կառավարություն – քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ ասել էր, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքների բացակայության դեպքում Եվրոպական միությունը չի հատկացնի նախատեսված 15 մլն եվրո գումարը:











