Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր՝ հունիսի 5-ին բացվեց Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին դեսպաններ եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ դոնորն է: Ամեն տարի Հայաստանում մենք ծախսում ենք մոտ 50 միլիոն եվրո, գումարած մի շարք ծրագրերով ԵՄ երկրների իրականացրած նախաձեռնությունները: Մենք կառուցում ենք ճանապարհներ, իրականացնում ենք խմելու մաքուր ջրի, գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, մենք աջակցում ենք փոքր եւ միջին ձեռնարկություններին: Մենք աջակցել ենք նաեւ Հայաստանի Հանրապետությանը պետական սահմանների անցակետերի բարեկարգման ուղղությամբ: Սակայն Եվրամիությունը միայն բարեգործական նախաձեռնություն չէ, մենք բանկոմատ չենք, որը կանխիկ է տալիս: Մենք Հայաստանի բարեկամն ու գործընկերն ենք եւ օգնում ենք Հայաստանին արդիականացնել իրեն: Մենք օգնում ենք Հայաստանին մշակել ճիշտ քաղաքականությունը, օգնում ենք Հայաստանի հասարակությանը եւ կառավարությանը էլ ավելի լավ ապագա կառուցելու ճանապարհին»,- բացման խոսքում ասաց դեսպանը:
Պյոտր Սվիտալսկին շրջեց ԵՄ օժանդակությամբ իրականցվող ծրագրերի մասին պատմող 41 տաղավարներով:
Նշենք, որ Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունը Երեւանում կամփոփվի բացօթյա համերգով Ազատության հրապարակում: Երեկոյի գլխավոր հյուրը իսպանացի հայտնի երգչուհի Լարա Թեյլորն է:











