Վրաստանում հայկական եկեղեցիների եւ դպրոցներին վերաբերող հարցերի լուծման համար ժամանակ է հարկավոր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց վրացի քաղաքագետ Ռամազ Սաքվերալիձեն՝ ավելացնելով, որ Վրաստանում հայկական եկեղեցիների հարցում պետությունը հեռու է մնում միջամտությունից։

Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական դպրոցների խնդիրներին, քաղաքագետի կարծիքով, այդ հարցը կքննարկվի Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի Հայաստան կատարելիք այցի ժամանակ։ «Նման հարցերը, սակայն, չեն լուծվում արտգործնախարարների մեկ հանդիպման ժամանակ»։

Խոսելով այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ հայ-ռուսական,  վրաց-թուրքական եւ վրաց-ադրեջանական հարաբերությունները Երեւանի եւ Թբիլիսիի հետագա համագործակցության վրա, Սաքվերալիձեն ասաց, որ Հայաստանի մերժումը՝ պաշտպանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փախստակաների մասին Վրաստանի բանաձեւը, խոսում է նրա ռուսամետ քաղաքաքականության մասին։ «Այդ քայլից հետո այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանն ինքնուրույն երկիր չէ։ Հայաստանը չպետք է պաշտպանի Ռուսաստանի հակավրացական նախաձեռնությունները»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով վրաց-ադրբեջանական եւ վրաց-թուրքական հարաբերություններին՝ Սաքվերալիձեն նշեց, որ նրանց հետ լավ հարաբերություններով հանդերձ՝ Վրաստանը չի մասնակցում հակահայկական նախաձեռնություններին։ Նա նաեւ նկատեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգովորել ձգտում է նաեւ Հայաստանը, ինչի մասին վկայում է «ֆուտբոլային դիվանագիտությունը»։