Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն կարծում է, որ եթե չլիներ դավաճանությունը, Վրաստանը չէր պարտվի Աբխազիային 90-ականների պատերազմում։
«Պատերազմի սկսվելու առաջին օրվանից մինչեւ վերջ մենք ճիշտ ենք եղել։ Մեր դեմ էր դուրս եկել ոչ միայն ռուսական զինուժը, այլ նաեւ քաղաքականությունը։ Շատ անգամներ ռուսները չկատարեցին մեզ տված խոստումները, շատ անգամներ խախտեցին հրադադարի ռեժիմի մասին պայմանագրերը»,- «Գրուզիա Online»-ի փոխանցմամբ հայտարարել է նա։
Բացի այդ, Շեւարդնաձեի խոսքով, Վրաստանը ստիպված էր պատերազմել երկու ճակատով, քանի որ Վրաստան էր եկել Զվիադ Գամսախուրդիան, եւ նրա բոլոր կողմնակիցները լքեցին ճակատային գիծը։ «Նրանց թվում էին Ակակի Էլիավան եւ ուրիշներ։ Նրանք հիանալի մարտիկներ էին եւ եթե օգնեին, եթե մենք միասնական լինենինք, Սուխումը չէր ընկնի»,- կարծում է նախկին նախագահը։
«Ցավոք, թշնամին ամեն ինչ օգտագործում էր ի օգոււտ իրեն, եւ դրա հետեւանքները ողբերգական եղան։ Սեպտեմբերի 25-28-ին վրացիները լքեցին Աբխազիան։ Դրանք մեր երկրի պատմության դժվարագույն օրերն էին»,- հայտարարել է Շեւարդնաձեն։





























