Իրանի նախագահի նստավայրում հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրել են Հայաստանի եւ Իրանի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, եւ համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջեւ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը եւ առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի nախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարեւոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվեց հանձնառությունը՝ հետեւողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարեւորվեց արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկեցին առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջեւ կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարեւորեցին երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին: Քննարկեցին աշնանը Թեհրանում կայանալիք 14-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ համագործակցության հաստատման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ․ ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ եւս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարեւորվեց Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։