Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` հունիսի 6-ին, միջադեպ տեղի ունեցավ: Դատական նիստերի դահլիճում նստած քաղաքացիներից մեկը` Էդուարդ Գյոզալյանը, դատարանի` դատական նիստերի դահլիճ մտնելու ժամանակ ոտքի չկանգնեց` նշելով` «չի հարգում անարդար դատարանին» այդ պատճառով էլ ոտքի չի կանգնել:

Ոտքի չկանգնեց նաեւ ակտիվիստ  Վարդգես Գասպարին` նշելով, որ ինքը եւս ոտքի չի կանգնում, որովհետեւ հենց դատավոր Մնակացական Մարտիորսյանն է քաղբանտարկյալների գործը քննել եւ կատարել քաղաքական պատվեր. «Ես էլ չեմ կանգնել ոտքի, որովհետեւ չեմ հարգում դատարանին, դուք քննեցիք Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների գործերն ու անարդար որոշումներ կայացրիք»:

Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, ընդմիջումից հետո ակտիվիստ Վարդգես Գասպարիին եւ Էդուարդ Գյոզալյանին դատարանը թույլ չտվեց մասնակցել դատական նիստին: 

Որպես բողոքի նշան, ակտիվիստ Վարդգես Գասպարին այս պահին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց պառկել է:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: