ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
Արմեն Գեւորգյանին նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:
ԱՐՄԵՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Արմեն Անդրանիկի Գեւորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երեւան քաղաքում:
1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաեւ Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության եւ վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետեւ՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչեւ 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Ղեկավարել է Հայաստանի եւ Պարսից ծոցի ու Մերձավոր Արեւելքի որոշ երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:
2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
Պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների պարգեւներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։





























