Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր` հունիսի 6-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրել: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դեպքին առնչվող այսօրվա դատական նիստին ուսումնասիրված տեսանյութերում պարզ երեւում է Գեւորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է եւ նա անմեղ է: Նա նշեց, որ կադրերում երեւում է, որ Գեղամ Խաչատրյանը հարձակվում է հավաքի մասնակիցների վրա, նրա ենթակները բռնում են ձեռքերից եւ հեռացնում են, սակայն, նա նորից ազատվում է նրանց ձեռքերից եւ կրկին հարձակվում Գեւորգ Սաֆարյանի վրա. «Բացի այդ Գեղամ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ նշել, որ «գնում է Ազատության հրապարակ պահպանելու հասարակական կարգն այնտեղ զվռնող կապիկներից», նաեւ ֆեյսբուքյան իր քջում վիրավորել է Գեւորգ Սաֆարյանին եւ նրա հարազատներին»:
Փաստաբանի խոսքով` այս ամենը ցույց է տալիս, որ իրականում Գեւորգ Սաֆարյանն անմեղ է եւ նրան առաջադրված մեղադրանքն անհիմն եւ դրանք հիմք ընդունելով, դատարանը պետք է փոխի նրա խափանման միջոց կալանքը, իսկայն մերժելու պետք է թույլատրի գրավի կիրառումը:
Միջնորդությունը քննելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստին միջադեպ էր տեղի ունեցել, որի հետեւանքով ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ Էդուարդ Գյոզալյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից: Որպես բողոք Վարդգես Գասպարին մեկ ժամից ավելի պառկեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանի գործով կհարցաքննվեն Ամանորի գիշերը Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները:
Պաշտպանի միջնորդությամբ որպես վկա ներգրավվել է 13 անձ` Վահագն Ղումաշյանը, Հովհաննես Ղազարյանը, Կարո Եղնուկյանը, Աղասի Ավագեմյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Սուսաննա Սիմոնյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեւակ Մանուկյանը, Վարուժան Ավետսիսյանը, Գարեգին Չուգասզյանը:
Նշենք, որ դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:











