Ինչ է, մենք ցեղախո՞ւմբ ենք, որ խմբերով պահանջեն, մենք էլ նշանակումներ կատարենք: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին Արցախում պաշտպանական բանակի ղեկավար նշանակելուն ուղղված ստորագրահավաքին:
«Մենք այսօր ստեղծված իրավիճակում բազմիցս հայտարարել ենք, որ մեր միջեւ չկա ընդդիմություն այս հարցի շուրջ: Մենք բոլորս միասնական ենք եւ ընդդիմադիր այդ կեցվածքն ունեցող մարդկանց խորհուրդ կտամ, որ այս հարցում ոչ թե ներկայանան որպես ընդդիմադիր, այլ որպես համախոհներ եւ միասնականության ջատագովներ, ինչպես բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչները»,-ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե Սամվել Բաբայանն իր վերադարձով եւ իշխանություններին ուղղված ակտիվ քննադատություններով խաթարե՞լ է ներազգային միասնությունը, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Ես խնդրում եմ այդքան մի կարեւորեք… Սամվել Բաբայանին ես գնահատում եմ որպես Արցախի հերոս, որպես հմուտ մասնագետ, եւ ես կցանկանայի, որ այդ հմտությունը, եթե ի վիճակի է, հայրենիքի պաշտպանության համար ներդնել, պաշտոն պետք չէ դրա համար, կամք, ցանկություն է պետք»:





























