Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագիրը ընթացքի մեջ է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի կողմից, որի արժեքն է 101 մլն եվրո: Ծրագրի նպատակն է հիմնանորոգել եւ վերակառուցել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հիմնական տարանցիկ մայրուղին։

Նշենք, որ Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու եւ ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)` հասնում մինչեւ Բագրատաշենի սահմանակետ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:

Ըստ հաղորդագրության՝ այդ ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Ծրագրով նախատեսվում է նաեւ այդ ճանապարհին գտնվող երեք թունելների վերանորոգումը:

Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհը փակվելու է։

Հատկանշական է, որ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը խոստովանում է, որ այդ ճանապարհը տասնամյակներ շարունակ չի վերանորոգվել. «Համամիտ լինելով այն բոլոր հրապարակումների հետ, որ այս ճանապարհը տասնամյակներ շարունակ արմատական վերանորոգման կարիք է ունեցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհը աղետալի վիճակում է գտնվում եւ երթեւեկելն անհնար է դարձել:

Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհով անհնար է երթեւեկել. ինչո՞ւ այն չի նորոգվում (ֆոտո)