Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Ֆելիքս Հարությունյանը:
Դեպքի առթիվ հաղորդում ներկայացրել է Խանումյանի կինը:
Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն անդրադարձել է նաեւ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
«ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ ճանաչելով Խանումյանին, նման զարգացում մի օր պետք է լիներ:
«Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ Հայկ Խանումյանն այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում:





























