Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ընդմիջմանն այսօր՝ հունիսի 6-ին, միջադեպ գրանցվեց դատարանի բակում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ սպանված կուրսանտի հայրը վրդովվեց մեղադրյալ Գնել Թեւոսյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ առանձնազրույցի ժամանակ: Արկադի Բարսեղյանը հունից դուրս եկավ, փորձեց հարձակվել պաշտպանի վրա, դատական կարգադրիչները թույլ չտվեցին եւ Արկադի Բարսեղյանին հեռացրին տարածքից: Նա ընդմիջման ավարտին՝ դատական նիստի ժամանակ բացատրեց, որ իր բորբոքվելու պատճառն այն էր, որ Արա Զաքարյանն իրեն հերթական անգամ ահաբեկել է:
«Խոսում էինք, ասեցի՝ նախորդի ժամանակ ահաբեկում էիր, ասեց՝ եթե քեզ խելոք չպահես, վատ ա լինելու, կանեմ, կտեսնես, ասում ա»,- բացատրեց Արկադի Բարսեղյանը:
Արա Զաքարյանը դատարանում պնդեց, որ չի ահաբեկել: Նա նշեց, որ ասելով լավ չի լինի, նկատի է ունեցել՝ կդիմի ոստիկանություն, քանի որ տուժող կողմը նախորդ անգամներին եւ այսօր վիրավորել է իր պաշտպանյալի հարազատներին եւ իրեն։
«Առաջին դեպքը չի, որ վիրավորական արտահայտություններ, անեծքներ են հնչում: Երբ նոր էին նիստերը, փաստաբանին զգուշացրել եմ, չեմ դիմել ոստիկանություն: Ասելով, որ լավ չի լինի, նկատի եմ ունեցել, որ կդիմեմ ոստիկանություն»,- ասաց Արա Զաքարյանը:
Նշենք, որ Արա Զաքարյանը առաջ է քաշում վարկած, որ Հայկազ Բարսեղյանը ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:











