Հայկական սմարթֆոններ արտադրող Technology and Science Dynamics (TSD) ընկերությունն արդեն 3-4 առաջարկ է ստացել Ռուսաստանի հայ ձեռներեցներից: Այս մասին հունիսի 6-ին Երեւանում ArmPhone սմարթֆոնների շնորհանդեսի ժամանակ լրագրողներին հայտնեց TSD ընկերության գլխավոր տնօրեն Վահան Շաքարյանը:
«Վերջին շաբաթներին պատվերների հարցով բազմաթիվ զանգեր ենք ստացել: 3-4 ընկերություններ արդեն ցանկանում են մեր առաքիչները դառնալ»,- հավելեց Շաքարյանը:
Օրերս նա մասնակցելու է նաեւ ԱՄՆ-ում կազմակերպված IT համաժողովներից մեկին, որտեղ նույնպես ներկայացնելու է ArmPhone-ները:
Մոդելներն ամբողջությամբ նախագծվում են հավաքվում են Հայաստանում: Բաղադրիչների պատվերներն ուղարկվում են հայտնի արտադրողների, որոնք աշխատում են համաշխարհային խոշորագույն ապրանքանիշերի հետ:
Ընկերության մասնագետները նաեւ ապահովել են բազային հայկական բովանդակությունը. հայկական Android ինտերֆեյս են ստեղծել, հայկական ստեղնաշար տեղադրել:




























