Բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը իր նոր աշխատանքում ենթադրություն է արել, թե սեւ կետերը մեկ այլ տիեզերքի դարպասներ են, գրում է The Independent թերթը:
Սեւ անցքերն այնքան սարսափելի չեն, որքան ընդունված է կարծել, իսկ նրանց կլանած նյութը հայտնվում է մեկ այլ տիեզերքում. նման պնդմամբ է հանդես եկել Հոքինգը Physical Review Letters ամսագրում հրապարակված աշխատանքում, որը գրել է ֆիզիկոսներ Էնդրյու Ստրոմինջերի հետ` Հարվարդից եւ Մալքոլմ Պերրիի` Քեմբրիջի համալսարանից:
Եթե Հոքինգի տեսությունը, որը նրա գործընկերների հավանությանն է արժանացել, ճիշտ է, ուրեմն կօգնի լուծել սեւ անցքերին վերաբերող գլխավոր պարադոքսներից մեկը: Հոքինգը հերքել է այն տեսությունը, թե այն ամենը, ինչը հայտնվում է սեւ անցքում, դրանում անհետ եւ անդարձ կորում է:
Գիտնականները XX դարի 60-ական թվականներից նկարագրում են այդ երեւույթի կողմերից մեկը հետեւյալ ձեւակերպմամբ. «սեւ անցքը մազեր չունի», ինչը նշանակում է, որ միանման լիցքով, զանգվածով եւ արագությամբ բոլոր սեւ անցքերը միանման նկարագրություն եւ տեսք կունենան:
1975 թվականին Հոքինգը ենթադրել է, թե սեւ անցքերը աստիճանաբար կանհետանան դրանց իրադարձության հորիզոնում քվանտային էֆեկտների հետեւանքով` էներգիա արտազատելով ճառագայթման տեսքով: Այս հիպոթեզը, իմիջիայլոց, տեսաբանների համար խնդիր է առաջացրել: Դրա էությունն այն է, որ սեւ անցքերի գոլորշիացումը եւ ճառագայթման առաջացումը ենթադրում է, որ սեւ անցքի կողմից կլանվող մասնիկների քվանտային վիճակի մասին գրեթե ամբողջ տեղեկատվությունը, բացառությամբ նրանց զանգվածի, լիցքի եւ պտույտի արագության, անդարձ կկորի, ինչը հակասում է քվանտային ֆիզիկայի օրենքներին:
Սակայն, գրում է Հոքինգը, հարցը լիովին այլ է: Գիտնականի խոսքով, սեւ անցքերի կլանած տեղեկությունների մի մասը դեպի դուրս կսորա ֆոտոնների տեսքով, որոնք գրեթե զրոյական էներգիա ունեն եւ մնում են գոլորշիացող սեւ անցքի տեղում, այդ երեւույթը նա կոչում է «փափուկ մազեր»: Այսպիսով, տեղեկությունը կպահվի այն ոլորտի սահմանին, որը կոչվում է իրադարձությունների հորիզոն: Ֆոտոնները հանդես կգան որպես տեղեկատվության փոխանցողներ եւ դրանցում գրված կլինեն տվյալներ, որոնք բնորոշ են սեւ անցքի «կուլ տված» մասնիկներին:
«Սեւ անցքերը հավերժական բանտ չեն, ինչպես նախկինում կարծում էին, ասել է Հոքինգը 2015-ին: Եթե ձեզ թվում է, որ դուք սեւ անցքի մեջ եք հայտնվել, մի հանձնվեք: Ելք կա»: Սակայն նրա տեսության համաձայն, վերադարձը տեղի կունենա ոչ թե մեր աշխարհ` ելակետ, այլ սուբյեկտը կհայտնվի մեկ այլ` այլընտրանքային տարածքում:
Տեղեկատվության պահպանման վերաբերյալ Հոքինգի տեսությունը թույլ է տալիս անփոփոխ թողնել մեր Տիեզերքի որոշ սկզբունքներ: Եթե հնարավոր լինել ոչնչացնել տեղեկությունները, կարելի էր ենթադրել, որ սկզբունքորեն անցյալ էլ գոյություն չունի: «Սա հենց այն անցյալն է, որը մեզ հիշեցնում է, թե մենք ով ենք: Առանց դրա, կորում է մեր ինքնությունը», - ասել է աստղաֆիզիկոսը:
«Փափուկ ֆոտոնները» հսկայական քանակությամբ առկա են Տիեզերքում, բայց դրանց գերփոքր էներգիայի պատճառով ծայրաստիճան բարդ է նկատել դրանք, իսկ դրանցից տեղեկություններ կարդալն ընդհանրապես անհնար է
Հոքինգի «փափուկ մազերի» գաղափարն ամբողջությամբ չի լուծում տեղեկատվական պարադոքսը. անհայտ է մնում, թե այն ուր է գնում: Բայց տեսությունն այնուամենայնիվ գործիքներ է տալիս այդ խնդրի լուծման համար` օգնելով խուսափել ֆանտաստիկ ենթադրություններից եւ մնալ ժամանակակից ֆիզիկայի գիտական իմացության շրջանակում, հայտնում է «Ինտերֆաքսը»:



























