Վրաստանը մտադիր չէ միջամտել Հայաստանի անվտանգության հարցերին: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Վրացի նախարարի խոսքով, ինքն անձամբ ինքնիշխանության մասին որեւէ հայտարարություն չի արել, «սակայն Վրաստանն իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնել Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման մասին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, թե Հարավային Կովկասում ռուսական ռազմակայանների քանակի ավելացումը սպառնալիք է Վրաստանի ու Ադրբեջանի համար: «Այդ ռազմաբազան որեւէ երկրի կայունության, անվտանգության եւ համագործակցության հնարավորություն չի ընձեռում: Եւ բացի այդ՝ այդ բազան չի ստեղծում բարենպաստ պայմաններ` Հարավային Կովկասում առկա խնդիրները խաղաղ եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու համար»,- ընդգծել էր նա:
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր այդ տեղեկատվությանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, ասել էր. «Հայաստանի ԱԳՆ-ն չի կիսում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կարծիքն, ըստ որի, Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը:
Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում:
Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ օգոստոսին ստորագրված համաձայնագրով Հայաստանում ռուսական ռազմակայանի գործողության ժամկետը երկարացվել էր մինչեւ 2044թ.:




























