Սեպտեմբերի 30-ից- հոկտեմբերի 1-ը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենյակը  եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպել են Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների` ենթատարածաշրջանային  մակարդակով առաջին հանդիպումը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Աղվերանում կազմակերպված միջոցառումը կրում էր «Փոքրամասնությունների իրավունքները եւ սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ- անկախ եւ գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ» խորագիրը:

Հանդիպմանը ներկա էին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմենները, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչներն եւ ՄԱԶԾ տարածշրջանային  գրասենյակի համապատասխան գործընկերները:

Հանդիպմանը հրավիրված են եղել նաեւ օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես են եկել բանախոսությամբ  եւ զեկույցներով, ինչպես նաեւ ներկայացրել տարածաշրջանի այլ երկրների  վերջին տարիների փորձը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում` Դաֆինա Գերչեւան  եւ Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը: