Հույս ունեմ, որ Ալիեւի վարքը ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ իր խոսում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր մտահոգությունը հայտնելով վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիեւի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային (ֆոտոռեպորտաժ):

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած Ալիեւի ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձեւավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»:

ՀՀ նախագահի խոսքով, Հայաստանը շատ բարձր է գնահատում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշումը:

«Եվ սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն նախագահին եւ Չեխիայի կառավարությանը: Մենք երկուստեք կարեւորեցինք Վիեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը՝ որպես հակամարտության գոտում տեւական կայունության հաստատման կարեւոր գրավական։ Եվ այս քայլերի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական եւ որ ամենակարեւորն է՝ արդյունքի միտված բանակցությունների։

Իհարկե, պարոն Զեմանին տեղեկացրեցի նաեւ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին, եւ ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաեւ Պրահայի՝ Չեխիայի հնարավորությունները»,-ասել է նա: