Գյումրիում այսօր՝ հունիսի 8-ին, անցկացվել է «Ուժեղ երկրաշարժ սցենարով» վարժանք: Այն կազմակերպել է ՀՀ ԱԻՆ-ը Շվեյցարիայի  զարգացման գործակալության հետ համատեղ, որին մասնակցել են  Լոռու, Տավուշի, Սյունիքի, Երեւանի եւ Գյումրիի փրկարարական ջոկատները:

Վարժանքն իրականացնելու համար ընտրվել է քաղաքի տարբեր հատվածներում գտնվող 1988թ. աղետից փլված շենքերի տարածքները, որտեղ ըստ սցենարի, փլատակների տակ մնացել են քաղաքացիներ եւ նրանց օգնություն է հարկավոր:

Ըստ սցենարի՝ Լոռու մարզը ներկայացնող փրկարարական ջոկատը ահազանգ է ստացել, որ Շերմա հասցեում փլած բետոնե սալիկների տակ 3 տուժած կա եւ 1 դի, անհրԺեշտ է հատուկ տեխնիկա՝ քաղաքացիներին դուրս բերելու համար: 

Փրկարարական ջոկատի ղեկավար Սամվել Շահնազարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ  փրկարարներն իրենց առաջադրանքը  լիարժեք են կատարել.

«Առաջադրանքն ընդունված է ու այսօր ունենալով զարգացած տեխնիկա, անցնելով մի շարք ուսուցողական դասընթացներ՝ կատարելագործվում ենք հմտանում, որպեսզի աղետների ժամանակ ավելի արագ եւ գիտակ մոտեցում ցուցաբերենք»,-ասել է նա:

Նշենք, որ 36-ժամ տեւած պայմանական վարժանքը հանրապետության 5 մարզերը ներկայացնող փրկարարական ջոկատները մինչ այս անցել են նաեւ հատուկ վերապատրաստում: