Հայկական տրանզիտը կարող է մրցակցել ադրբեջանականի հետ եւ հրապուրել իրանցի փոխադրողներին: Այս մասին հունիսի 8-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Կառավարությունը դեռ միջոցներ չի գտել Իրան-Հայաստան նոր երկաթուղու շինարարության համար, բայց կարող է ավտոմոբիլային տարանցիկ ճանապարհ առաջարկել մինչեւ Արարատի մարզի Երասխ գյուղ, իսկ այդեղից էլ՝ երկաթուղով Սեւ ծով:
«Եթե համեմատենք ադրբեջանական տարանցիկ ճանապարհի հետ, այս տարբերակը գնի մեջ 500 դոլար տարբերություն ունի: Դա հետաքրքրել է իրանական ընկերություններին: Իրանցի գործընկերները գիտեն, որ մենք արդիականացնում ենք ավտոմայրուղիները Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակներում: Շուտով կսկսենք շինարարությունն ամենահարավային հատվածում՝ Ագարակ-Քաջարանում, իսկ Քաջարանի մոտ 5 կմ երկարությամբ թունել կկառուցենք»,- նշել է Բեգլարյանը:





























