«Սինոփսիս-Արմենիա» ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարի գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերությունների շարքում:
Այս 12 ամերիկյան ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում հայտնվել են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարեւոր դերակատարումը, որ ունեն արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ: «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունն առաջադրվել է այս մրցանակին որպես ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ եւ աշխատում է աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում` տնկելով հարյուրավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետեւանքները կանխելու համար:
Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործուենության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից ` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները: Պետքարտուղարությունը պատրաստ է աշխատել ընկերությունների հետ այս ոլորտի լավագույն փորձը աշխարհով մեկ տարածելու, ինչպես նաեւ հայրենի երկրում եւ արտերկրում կյանքի բարելավմանն ուղղված քայլերը խթանելու հարցում: 2010թ. մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան այս աշնանը Պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ:




























