Բացառությամբ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի, մնացած բոլոր կուսակցությունները կասկածի տակ են՝ հաջորդ խորհրդարան անցնելու առումով: Այս մասին հոկտեմբերրի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Հասարակության մեջ այսօր կա խորը անվստահության մթնոլորտ, մարդիկ չեն հավատում նրան, թե ուր է գնում երկիրը, ուր մնաց, թե հավատան որեւէ կուսակցության»,,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այն իր ներսում տեղի ունեցած վերջին խմորումներից հետո հայտնվել է ճգնաժամային իրավիճակում եւ դժվար է ասել, թե ինչ ապագա կունենա: «Չեմ կարծում, որ այն էական դերակատարում կունենա մեր քաղաքական դաշտում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա այն, փորձագետի ձեւակերպմամբ՝ «Սփյուռքի աչքն է Հայաստանում, եւ Հայաստանի աչքը՝ Սփյուռքում»: Իսկ թե քանի՞ տոկոս ձայն կհավաքի հայ ավանդական այդ կուսակցությունը եւ կհաղթահարի՞ 5 տոկոսանոց շեմը՝ քաղաքագետը դժվարացավ ասել:
Ասուլիսին ներկա մեկ այլ քաղաքագետ՝ Ալեքսանդր Մարգարովը, ՀՅԴ-ի վերաբերյալ ասաց, որ դասական այդ կուսակցությունը, որի ընտրազանգվածը տատանվել է 7-10 տոկոսի սահմաններում, կարող է մոբիլիզացնելով իր ուժերը՝ հայտնվել հաջորդ խորհրդարանում: Իսկ «Ժառանգությունը», ըստ նրա, կորցրել է այն շանսերը, որոնք ուներ խորհրդարան անցնելուց հետո, ինչի պատճառը կուսակցության ներսում ի հայտ եկած պառակտումն է:
«Այսօրվա դրությամբ, «Ժառանգությունը» դժվար թե կարողանա հաղթահարել անհրաժեշտ շեմն ու անցնել խորհրդարան եւ կուսակցութունը, որը շարունակում է մնալ որեպս մեկ դերակատարի կուսակցություն, դժվարությամբ կարող է պահպանել իր կառուցողական դերը քաղաքական դաշտում»,-ասաց նա: ՕԵԿ-ն, էլ, Մարգարովի ձեւակերպմամբ, կորցրել է իր ՕԵԿ-ական դեմքը: Բայց եթե կարողանա մոտակա երկու տարվա ընթացքում վերականգնել վստահությունը իր նախկին ըհտրազանգվածի մոտ, կարող է խորհրդարան անցնելու շանսեր ունենալ:




























