Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը, որի նկատմամբ այսօր հունիսի 10-ին,  քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է, քիչ առաջ ազատ արձակվեց:

Լրագրողների հետ զրույցում Արա Բուդաղյանը նշեց, որ իր համար սպասելի էր, որ ազատ կարձակվի. «Ինձ համար սպասելի էր այս որոշումը, պիտի բաց թողնեին, մնացած հարցերը խնդրում եմ ուղղել փաստաբանիս»:

Նշենք, որ նրան դիմավորելու էին եկել հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:

Ի դեպ, Վիտալի Մինասյանի խափանման միջոցը եւս այսօր փոխվել է՝ փոխարինվելով բնակավայրից չբացակայելու ստորագրությամբ: