2011 թվականին Չինաստանի գործարկած ուղեծրային «Տյանգուն-1» կայանն աստիճանաբար դուրս է գալիս ուղեծրից եւ կարող է երկիր ընկնել անկանխատեսելի վայրում: Նման եզրակացության են հանգել որոշ դիտորդներ, որոնք հետեւում են մերձերկրային օբյեկտների հետագծին սիրողական հեռադիտակների եւ տեսախցիկների օգնությամբ, հայտնում Gazeta-ն` վկայակոչելով Space.com-ին:
Նման կարծիքի է Թոմաս Դորմանը, որը բազմիցս հետեւել է ութ տոննայանոց կայանի թռիչքներին, որն այս տարվա մարտի տվյալներով կորցրել է կապը երկրի հետ: «Եթե ես իրավացի եմ, Չինաստանը մինչեւ վերջին պահը կսպասի` աշխարհին ասելու, որ իրենք կայանի հետ կապված խնդիր ունեն», — ասել է Դորմանը:
«Եթե դրա բեկորներն ընկնեն բնակեցված տարածքի վրա, դա իրոք ամենալավ օրը չի լինի… հավանականությունը փոքր է, բայց երբեմն նման բաներ պատահում են, այդ պատճառով պետք է զգույշ լինել», — կարծում է նա: Մարտին տիեզերագնացների չինական կենտրոնի ներկայացուցիչները պարզաբանել են, որ կայանի հետ հեռաչափության կորուստն ապագայում կարող է հանգեցնել դրա` ուղեծրից անվերահսկելիորեն դուրս գալուն: Դոն Չենի` վաշինգտոնյան Heritage Foundation հետազոտական կենտրոնի փորձագետի կարծիքով, կասկածելի է այն, որ չինական իշխանություններն այդպես էլ չեն հայտնել անկման ենթադրյալ տեղը եւ վայրը: «Դա կարող է վկայել այն մասին, որ ուղեծրից դուրս գալը կարող է անվերահսկելի լինել», — կարծում է փորձագետը:



























