Lenovo ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին սերիական սմարթֆոնը լրացված իրականության Tango տեխնոլոգիայով, հայտնում է Gazeta-ն:
Նոր Phab 2 Pro սմարթֆոնը ստեղծվել է Lenovo ընկերության կողմից` Google Advanced Technologies and Products-ի համագործակցությամբ, որը լրացված իրականության Tango տեխնոլոգիայի մշակողն է:
Սմարթֆոնը 6,4 դյույմ տրամաչափով էկրան ունի QHD (2560x1440) պիքսել լուծմամբ, ութմիջուկանոց պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 4050 մԱչ տարողունակությամբ ակումուլյատոր: Նոր սարքի գլխավոր տարրը հատուկ մշակված եռակի դիմային ֆոտոմոդուլն է: Սովորական 16 մեգապիքսելանոցից բացի, սարքում ներկառուցված է ToF տեսախցիկ, որը չափում է մինչեւ օբյեկտներն ընկած հեռավորությունը, եւ շարժման բարձր ճշգրտության տվիչ:
Տեղեկությունը, որը ստացվում է սմարթֆոնի բոլոր տվիչներից, թույլ է տալիս նրա էկրանին արտացոլել լրացված իրականությունը, որը ստեղծվել է վիրտուալ եւ իրական օբյեկտների համատեղումից:
Tango ԾԱ-ի եւ հատուկ հավելվածների միջոցով Phab 2 Pro-ն վիրտուալ իրականության օբյեկտները դնում է իր տեսախցիկի պատկերի վրա: Դա կարող է լինել տեղեկություն խանութում կամ պահեստում ապրանքների մասին, զբոսաշրջային եւ թանգարանային ցուցանմուշներ, խաղային կերպարներ, տեխնիկական տեղեկություն տեխնիկական բարդ օբյեկտներ սպասարկող անձնակազմի համար եւ շատ այլ բաներ:
Սմարթֆոնը ԱՄՆ-ում եւ Եվրոպայի որոշ երկրներում կսկսի վաճառվել 499 դոլար գնով:





























