ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւի ընդունումը նոր թափ է ստացել, երբ Կոնգրեսի անդամներն այս շաբաթ մեկնել են իրենց վարչատարածքային շրջաններ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, հավելելով, որ Բանաձեւի համահովանավորների շարքում ներառվել են կոնգրեսականներ Մայքլ Դոուլին, Պիտեր Քինգին, Թիմոթի Բիշոփին, Թիմ Րայանին եւ Ռոբերտ Բրեդիին:
Այդ նոր համահովանավորների հետ մեկտեղ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթան կապիտոլիումում հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամների, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ` քննարկելով Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման կարեւորությունը եւ ցեղասպանության ժխտմանը դիմակայելու անհրաժեշտությունը:
«Մենք բոլորս ջանք ենք գործադրում ապահովել 252-րդ բանաձեւի ընդունումը կոնգրեսում: Ամեն օր Կոնգրեսի նորանոր անդամներ միանում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարին: Ամերիկայի Հայկական Համագումարը խիստ կարեւոր դեր է տարել բանաձեւի անցկացման գործում եւ ձեռք է բերել բանաձեւի նոր աջակիցներ»,- ասել է բանաձեւի հովանավոր, ներկայացուցիչ Ադամ Շիֆը:
Թոթահից բացի համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ Համայնքի հետ աշխատանքների գծով տնօրեն Դանիել Քուշակջյանն աշխատել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կոալիցիայի հետ (Central and East European Coalition - CEEC) CEEC-ի սեպտեմբերյան քարոզչական օրվա համար, որտեղ Հայոց ցեղասպանության բանաձեւը օրակարգի գլխավոր հարցերից էր: CEEC-ը, որը կազմված է 18 համազգային կազմակերպություններից եւ ներկայացնում է ավելի քան 20 միլիոն ամերիկացիների, անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում հանդիպումների մի շարք է կազմակերպել:
«Աջակիցների լայն կոալիցիայի ստեղծումը խիստ կարեւոր է բանաձեւը քվեարկության դնելու համար»,- նշել է կոնգրեսական Ջեքի Սփիերը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ամերիկայի հայկական համագումարին` ցեղասպանության ընդունման համար տասնամյակներ տեւող իր աշխատանքի համար: Աջակիցների կոալիցիա ստեղծելու իրենց ջանքերը մեզ մոտեցրել են Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից: Ես պատրաստ եմ շարունակել աշխատել մեր ընդհանուր նպատակի` բանաձեւի ընդունմանը հասնելու համար եւ երախտապարտ եմ համագումարին այդ նպատակին հասնելու իր օգնության համա»,- նշել է կոնգրեսում հայկական խնդիրներով զբաղվող խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:




























