Բավական մեծ է հավանականությունը, որ այս հոդվածը կարդում եք աշխատավայրում, սմարթֆոնով: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ աշխատավայրում սմարթֆոնի օգտագործումն աճող խնդիր է, եւ գործատուների մեծ մասը կարծում է, որ այս սարքերն աշխատանքի արդյունավետության ամենամեծ թշնամիներն են:
Ըստ Planet-today-ի, CareerBuilder-ի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ամենաշատը շեղվում են անձնական հաղորդագրությունների (55%), եղանակի տեսությունը ստուգելու (51 %), նորություններ կարդալու (44 %) եւ խաղերի (24 %) պատճառով:
Գործատուների շուրջ կեսը հայտարարել է, որ սմարթֆոնները լրջորեն ազդում են աշխատանքի որակի վրա, 27%-ը նկատել է, որ այդ սարքերի պատճառով խախտվել են առաջադրանքի վերջնաժամկետները, իսկ 20%-ը նշել է, որ վնաս է հասցվել հաճախորդների հետ հարաբերություններին:
Բազմաթիվ ձեռնարկություններ փորձում են խնդրի դեմ պայքարել՝ աշխատավայրում արգելափակելով որոշակի կայքերը, արգելելով անձնական զանգերը, ինչպես նաեւ մոնիթորինգի ենթարկելով ինտերնետի օգտագործումը: Բայց այս միջոցներն էլ, ըստ մասնագետների, կարող են ազդել աշխատակիցների վրա: Նրանք կարծում են, որ հարկավոր է պարզապես աշխատակիցների հետ ազնվորեն խոսել շեղող գործոնների մասին, քննարկել խնդիրները եւ միասին լուծում գտնել:




























