Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Twitter-ը մարդկանց օժտում է ունակություններով, որոնք անհրաժեշտ են գրող դառնալու համար: Դրանցից մեկն է ինքդ քեզ խմբագրելու ունակությունը:
Հետազոտության նպատակն էր ստուգել արդյոք նմանատիպ ծառայությունները կարող են օգնել ստեղծագործական ունակությունների զարգացմանը ու եթե կարող են, ապա հատկապես ինչպես: Գիտնականները նշում են, որ մասնակիցներին տրված վարժությունները նպաստել են ինքնակարգապահության բարձրացմանը: Նաեւ դրանք օգնել են հաղթահարել հնարավոր խնդիրները՝ նոր հայացք ու տեսակետ ունենալ տարբեր երեւույթների մասին՝ դրանով իսկ օգնելով ստեղծագործել, հայտնում է Planet- today–ը:
Նրանք ովքեր 21-րդ դարում ուզում են գրող դառնալ, ըստ էության ավելի շատ խնդիրներ պետք է հաղթահարեն, քան անցյալի գրողները: Նրանք պետք է ճկուն լինեն ու կարողանան անցում կատարել տարբեր գրելաոճերի, ընդ որում սեղմ ժամկետներում: «Թվիթերի» գործածումը նպաստում է այդ ունակությունների զարգացմանը:
Հետազոտության մասնակիցները աշխատում էին խմբով, խմբագրելով իրենց գործընկերների գրածները, ինչը նպաստում էր, որ նրանք ավելի ինքնավստահ դառնան: Սա ցույց է տվել մարդկային շփման կարեւորությունը այն ոլորտում, որը մինչեւ վերջերս համարվում էր բոլորովին մեկուսացած: Հետազոտության մասնակիցներից շատերը նշել են, որ իրենց մի շարք ընդունակություններ այդ փորձի ընթացքում ավելի են ընդգծվել ու լավացել:





























