Այսօր` հոկտեմբերի 4-ին գիշերը ժամը 2-ին, Կիեւ-Խարկով-Դովժանսկի ճանապարհի 675 կմ-ում, Սելեզնյովկա գյուղի մոտ Mersedes մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «ՄԱԶ» մակնիշի բենզատարի հետ: Վթարի հետեւանքով զոհվել է 6 մարդ, եւս 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է siteua.org-ը` հղում անելով Դոնեցկի մարզի ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությանը, վիրավորները տեղափոխվել են Սլավյանսկի քաղաքի հիվանդանոցներ:

Ըստ տեղեկությունների, վթարի պատճառը ավտոբուսի վարորդի անուշադրությունն է եղել:

Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել, որ վթարից տուժածները ֆուտբոլի երկրպագուներ են եղել, ովքեր վերադառնում էին Դոնեցկից` «Դինամո»-«Շախտյոր» խաղից: