Google ընկերության համահիմնադիր, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Լարի Փեյջը, անձնական միջոցներ է ներդնում ուղղահայաց թռիչքով կոմպակտ թռչող սարքերի արտադրության ոլորտում, հայտնում է zr.ru–ն։

Պարզվել է, որ Փեյջն առնվազն 2 անկախ նախագիծ է ֆինանսավորում։ Լարիի Փեյջի կարողությունը գնահատվում է մոտավորապես 30 մլրդ դոլար։ Bloomberg գործակալությունը պարզել է, որ այս դեպքում ամեն բան շատ լուրջ է, եւ Փեյջը ոչ թե ուղղակի իրագործում է մանկության երազանքը, այլ գլխում գերշահութաբեր բիզնես մոդել է մշակում, որը սպառնում է հեղաշրջել անձնական տրանսպորտի մասին ձեւավորված պատկերացումները։

Bloomberg–ը նշում է, որ Լարի Փեյջը դեռ 2010–ին Սիլիկոնի հովտում հիմնել էր Zee.Aero ընկերությունը, որը զբաղվում էր ուղղահայաց թռիչքով կոմպակտ թռչող սարքերի արտադրությամբ։ Փեյջն այդ ժամանակ առնվազն 100 մլն դոլար էր ներդրել, եւ հիմա ընկերությունում աշխատում է մոտ 150 մարդ։

Zee.Aero–ի աշխատանքն ընթանում է խստագույն գաղտնիության պայմաններում. աշխատակիցներին արգելված է անգամ տալ Փեյջի անունը: Նա այստեղ պարզապես կոչվում է GUS՝ the guy upstairs, այսինքն՝ վերեւի մարդ։