Սեպտեմբերի 16-ին, ժամը 13-30-ի սահմաններում, Ազատության 9/3 շենքից շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացու, ով մի քանի ժամ անց մահացել էր՝ գիտակցության չգալով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացողը 37-ամյա Ռազմիկ Հեկտորի Հարությունյանն է: Հանցագործության վայրում հարեւանները հայտնել են, որ սպանվածը վեց ամիս առաջ էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան: Նրանք նշել են նաեւ, որ դեռ այս տարվա օգոստոսի 8-ին նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել, սակայն, ի տարբերություն վերջին դեպքի, այն ժամանակ հրազեն չէր կիրառվել, այլ փայտե մահակով հարվածել էին գլխին: Այլ տեղեկություններ տալուց հարեւանները խուսափեցին:

Ռ. Հարությունյանը հիվանդանոց էր տեղափոխվել գլխին ստացած հրազենային մեկ վնասվածքով: Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի գնդակ: Նախնական տեղեկություններով, գնդակն արձակվել է «Մակարով» տեսակի ատրճանակից: Հայտնաբերված գնդակն ուղարկվել է Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն՝ պարզելու, թե ինչ հրազենից է արձակվել:

Կատարվածի առթիվ նույն օրը՝ սեպտեմբերի 16-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն երբ վիրավորը մահացել էր, քրգործը վերաորակվել է 104 հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրգործը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխվել է Երեւանի քննչական վարչություն:

 



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի