«Մենք տեղեկություններ չունենք Խրախոբա եւ Ուրյանոբա գյուղերի բնակիչների բողոքների մասին»,- ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ՌԴ Դաղստանի հանրապետության ներկայացուցչությունում: Այստեղ նաեւ հստակեցրել են, որ այդ գյուղերի բնակիչները ցանկություն չեն հայտնել մասնակցել Դաղստանի խորհրդարանական ընտրություններին:

Նկատենք, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Խրախոբա եւ Ուրյանոբա գյուղերի բնակիչները բողոքում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի մասին պայմանագրի դեմ, որը ստորագրել են երկու երկրների նախագահները: Նշվում է, որ նրանք ցանկանում են ՌԴ քաղաքացիություն ստանալ եւ մասնակցել Դաղստանի ընտրություններին:

Այս առնչությամբ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովը հայտարարել է, որ իրենք այդ գյուղերի բնակիչներից որեւէ բողոք չեն ստացել: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված Պետական սահմանի մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:

Ինչ վերաբերում է նրան, որ ռուսական մամուլում այդ գյուղերը ներկայացվում են որպես Ռուսաստանի անկլավներ, Փոլուխովը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքում չեն եղել եւ չկան Ռուսաստանի  անկլավներ»:

Հիշեցնենք, որ 1954-ին այդ գյուղերը տրվել էին ՌԽՖՍՀ Դաղստանի ինքնավար հանրապետությանը` որպես արոտավայրեր: Այդ պայմանագրի ժամկետը լրացել է 2004-ին: