Բանգկոկի դատարանը հոկտեմբերի 4-ին երկրորդ անգամ հրաժարվել է ամերիկյան կողմին տրամադրել ռուս գործարար Վիկտոր Բուտին: Նա մեղադրվում է զենքի մաքսանենգության մեջ: Բուտի նկատմամբ մեղադրանքների երկրորդ փաթեթը քննվելու է սովորական ռեժիմով, որի պատճառով էլ ռուս բիզնեսմենի ԱՄՆ էքստրադիցիան հետաձգվում է, հաղորդում է KP.ru-ն:

Բուտը հերթական անգամ հայտարարել է, որ քաղաքական հետապնդման զոհ է:

Թայլանդի վարչապետ Ապհիսիտ Վետչաչիվան օրերս հայտնել է, որ գործը դեռ քննվում է դատարանում, բայց վերջնական որոշումը կայացնելու է ինքն անձամբ` հաշվի առնելով միջազգային հարաբերությունների եւ պետության շահերի տարբեր ասպեկտներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը մեղադրում է Բուտին, որ նա պայմանավորվել է կոլումբիական ապստամբների հետ «երկիր-օդ» տեսակի 100 հրթիռ, ուղղաթիռներ եւ հակահրթիռային սարքավորումներ վաճառելու շուրջ, ինչպես նաեւ խոստացել է կազմակերպել այդ զենքի ցած նետումն ինքնաթիռից` Կոլումբիայի տարածքում: Իր ծառայությունների համար ռուս գործարարը ակնկալել է 5 մլն դոլարի պարգեւատրում ստանալ:

Բուտին ձերբակալել են 2008-ի ամռանը: Եթե նրան էքստրադիցիայի ենթարկեն ԱՄՆ, նրան սպառնում է ցմահ ազատազրկում` զենքի անօրինական վաճառքի եւ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար: