Կիեւի 4room առեւտրի կենտրոնի սեփականատեր Շաբաբ Ալոյանի սպանությունից մեկ տարի անց, նրա եղբայր Ջամալը խոստացել է Ուկրաինայի ՆԳ նախարարի օգնական Կոնստանտին Ստոգնիյին, որ եթե սպանության պատվիրատուին բերեն Ուկրաինա, նա ՆԳ համակարգին 10 Daewoo մեքենա կնվիրի, գրում է ուկրաինական «Սեգոդնյա» թերթը:

Միաժամանակ, սպանված բիզնեսմենի ընտանիքի անդամները թերթին պատմել են, որ թեեւ Ալոյանի սպանության պատվիրատուն (պարզվել է, որ դա կատարել է ոմն Միրաբ Սուսլով, ով սպանված բիզնեսմենի բարեկամն է եւ քրեական հեղինակություն) այս տարվա ամռանը ձերբակալվել է Մոսկվայում, բայց դեռ չի կանգնել դատարանի առաջ:

Նշենք, որ ոստիկանները գործարարի սպանության հիմնական վարկածը համարում են Ալոյանի բիզնեսը խլելը: Միաժամանակ ՆԳՆ-ում հաստատել են, որ պատվիրատուն դեռ Մոսկվայում է. «Որպեսզի խուսափի էքստրադիցիայից, նա փորձել է իրեն ներկայացնել որպես ՌԴ քաղաքացի, ապա նաեւ` Հայաստանի քաղաքացի, բայց դատարանը պարզել է, որ նա ՌԴ քաղաքացի չէ»:

Ալոյանների ընտանիքում ՆԳՆ-ին 10 Daewoo մեքենաներ նվիրելու խոստման մասին լուրը ոչ հերքել են, ոչ` հաստատել:

Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 2-ին Կիեւի 4room սուպերմարկետում անհայտ անձինք կրակել ու սպանել էին առեւտրի կենտրոնի ղեկավարին եւ երկու թիկնապահներին: Սպանվել էր նաեւ քիլերներից մեկը, ով վիրավոր վիճակում վթարի էր ենթարկվել: Հոկտեմբերի 4-ին ոստիկանները ձերբակալել էին նաեւ երկրորդ քիլերին:

Նոյեմբերին Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Կիեւի ոստիկանությունը չի բացառում, որ Շաբաբ Ալոյանի սպանության պատվիրատուն հնարավոր է, ռուսական «օրենքով գող» «Դեդ Հասանն» է, իսկ հանցագործության կազմակերպիչը` բիզնեսմեն-բարեկամ Միրաբ Սուսլովը: