Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու  քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ  հարաբերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Նրա հավաստմամբ, Հայաստանը պատրաստ է  հարեւան Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` նկատի առնելով պատմական սերտ կապերն ու երկու ժողովուրդների ամուր բարեկամությունը:  

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ նախագահի` Վրաստան կատարած վերջին այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին. «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը կծառայի մեր հարաբերությունների խորացմանը»,-ասել է Սերժ Սարգյանը:  

Գրիգոլ Վաշաձեն վստահեցրել է, որ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների պայմանավորվածություններն իրագործման ընթացքի մեջ են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում` ենթակառուցվածքների, տրանսպորտային հաղորդակցության, կրթության, զբոսաշրջության, մաքսային եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Ընդծվել է, հատկապես, մաքսային անցակետերում քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման, «մեկ պատուհանի» սկզբունքի կիրառման ուղղությամբ փոխգործակցությունը: Կարեւորվել է նաեւ տարածաշրջանային ծրագրերի մշակման եւ իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: