Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 4-ին մասնակցել է Գերմանիայի վերամիավորման 20-ամյակի առթիվ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան կողմից կազմակերպված ընդունելությանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորական խոսքերը Գերմանիայի վերամիավորման եւ միասնության տոնի կապակցությամբ։ Օգտվելով այս պատեհ առիթից` ցանկանում եմ իմ եւ Հայաստանի կառավարության անունից Գերմանիայի պետությանն ու ժողովրդին մաղթել խաղաղություն, երջանկություն, հետագա բարգավաճում եւ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ 20 տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ Գերմանիայի ժողովրդի տասնամյակների փափագն ու ձգտումը` վերամիավորումը։ Այս պատմական իրադարձությունն էական նշանակություն ունեցավ ոչ միայն գերմանական ժողովրդի, այլեւ Եվրոպայի ճակատագրում, եւ իսկապես, այն ունեցավ համաշխարհային նշանակություն։

Ցանկանում եմ նաեւ նշել, որ վերջին տարիներին շատ դինամիկ են զարգանում հայ-գերմանական հարաբերությունները։ Գերմանիայի Դաշնությունն ունի էական ներդրում Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական բարեփոխումների գործընթացներում։ Այս գործընթացին չափազանց կարեւոր, նոր լիցք հաղորդեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարվա հունիսին Գերմանիա կատարած այցը։

Համոզված ենք, որ մեր հարաբերությունների խորացումն ունի մեծ ներուժ եւ նպաստելու է մեր ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայնմանը»։